Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Դատական իշխանություն

ՈՐՈՇՈՒՄ № 03Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 04Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը, 27.03.2026 թվականի ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-72-Ն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 04Լ որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1)     Կարգի 3-րդ կետի 3.1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի առնվազն երեք անդամի նախաձեռնությամբ՝ Հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցերի քննարկման, ինչպես նաև՝ Հանձնաժողովի անդամի լիազորության դադարեցման հարցը լուծելու համար:»,

2)    Կարգը լրացնել 3.1.1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«31.1. Հանձնաժողովի նիստերը նախագահում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ տվյալ հարցի քննարկմանը չմասնակցելու դեպքում Հանձնաժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարում է տարիքով ավագ դատավոր անդամը, իսկ վերջինիս կողմից այդ պարտականությունները կատարելուց հրաժարվելու կամ այդ պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրված Հանձնաժողովի դատավոր այլ անդամը (այսուհետ՝ Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար):», 

3)  Կարգի 5-րդ կետը լրացնել 5.4.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.4.1. Հանձնաժողովի անդամը շահերի բախման կամ իր անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող հանգամանքի առկայության դեպքում պարտավոր է անհապաղ բացահայտել այդ հանգամանքը Հանձնաժողովին։ Տվյալ անդամի մասնակցության թույլատրելիության հարցը լուծվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամին դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն տալուց հետո։ Այդ հարցի քննարկմանը տվյալ անդամը կարող է մասնակցել միայն բացատրություն կամ դիրքորոշում ներկայացնելու նպատակով և չի մասնակցում իր մասնակցության թույլատրելիության վերաբերյալ քվեարկությանը։ Մասնակցությունը բացառելու դեպքում տվյալ անդամը չի մասնակցում համապատասխան հարցի հետագա քննարկմանը և որոշման կայացմանը»։

4)  Կարգի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Հանձնաժողովի անդամի և Հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման ընթացակարգը.

6.1. Հանձնաժողովի դատավոր անդամի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով սահմանված վարքագծի կանոնների, իսկ Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված դադարեցման հիմք հայտնաբերելու դեպքում՝ Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման հարցը ներառվում է Հանձնաժողովի նիստի օրակարգ և քննարկվում է Հանձնաժողովի նիստում։

6.2.   Հանձնաժողովի դատավոր անդամի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով սահմանված պահանջների, իսկ Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի կողմից սույն կարգով սահմանված պահանջների խախտման փաստը Հանձնաժողովի որոշմամբ հաստատվելը, կախված խախտման ծանրությունից և հետևանքներից, Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու հիմք է, եթե Հանձնաժողովը չի որոշել բավարարվել հարցի քննարկմամբ:

           6.3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելուց առաջ տվյալ անդամը ծանուցվում է քննարկման ժամանակի, վայրի և դադարեցման հիմքերի մասին: Հանձնաժողովի անդամին տրամադրվում են հարցի քննարկման համար հիմք հանդիսացող տեղեկությունները, առկայության դեպքում՝ նյութերը, ինչպես նաև ապահովվում է գրավոր կամ բանավոր բացատրություն ներկայացնելու ողջամիտ հնարավորություն։ Հանձնաժողովի անդամը կարող է մասնակցել իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը՝ բացատրություն տալու և դիրքորոշում ներկայացնելու նպատակով, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ օրենքով կամ սույն կարգով, ինչպես նաև եթե այլ բան չի սահմանում Հանձնաժողովը՝ այդ անդամի մասնակցությունն օբյեկտիվորեն անհնարին կամ ոչ անհրաժեշտ դարձնող հանգամանքներից ելնելով: Բացատրություն կամ դիրքորոշում ներկայացնելուց հետո Հանձնաժողովի անդամը չի մասնակցում հարցի ըստ էության քննարկմանը, քվեարկությանն ու որոշման կայացմանը: Նիստին մասնակցելու ցանկության մասին Հանձնաժողովի անդամը պետք է իրազեկի Հանձնաժողովին նիստից առնվազն մեկ օր առաջ:

6.4. Հանձնաժողովը կայացնում է որոշում՝ բավարարվելով հարցի քննարկմամբ՝ Հանձնաժողովի անդամի ուշադրությունը հրավիրելով որոշմամբ արձանագրված փաստերին, կամ դադարեցվում են Հանձնաժողովի անդամի լիազորությունները:

            6.5. Հանձնաժողովը կարող է բավարարվել նույն անդամի վերաբերյալ հարցի քննարկմամբ միայն մեկ անգամ:

6.6. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման, ինչպես նաև նրա՝ Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում: Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է նրա լիազորությունները դադարեցնելու համար:

6.7.    Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

6.8.  Հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարման դեպքում կատարվում է Հանձնաժողովի նախագահի ընտրություն:

6.9.   Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարեցնելու մասին Հանձնաժողովի որոշումը ենթակա է հրապարակման Դատական իշխանության պաշտոնական կայքում:»,

5)  Կարգը լրացնել նոր 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7. Գործունեության կարգի փոփոխումը (լրացումը)     

7.1.  Սույն Կարգը կարող է փոփոխվել (լրացվել) Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովում հրապարակվելու պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                          ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

3 հուլիսի 2026թ.

ք. Երևան